Պաշտպանության փոխնախարարը պարզաբանեց Մարտակերտի 7 գյուղերի հարցը

Փոխնախարարի ներկայությունն ԱԺ-ում թեժ կրքեր բորբոքեց. պատգամավորն ու պետական պաշտոնյան միմյանց կոչ արեցին «չափը ճանաչել»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարան եկած պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց` ինչպես է պատահել, որ Մարտակերտի շրջանի 7 գյուղերի բնակիչներին երեկ ասվել է, թե օրվա երկրորդ կեսին պետք է ազատեն իրենց տները:

«Մարտակերտի 7 գյուղերի բնակիչներին ուղղակի ասել են՝ պետք լքեն իրենց գյուղերը: Պատասխան չկա, որովհետև պետություն, ըստ էության չկա, որը հետևողականորեն այս հարցերը պահում է իր դիտակետում ու մարդկանց հուզող հարցերին պատասխան է հնչեցնում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ կուտակված հարցերի մեծ մասի պատասխանատուն ու մեղավորը պաշտպանության գերատեսչությունն է:

Սա խանութս էր, վառում եմ. Մարտակերտի շրջանի բնակիչներն իրերը դուրս բերելու ժամանակ չունեն

Պատգամավորի բարձրացրած խնդրին պատասխանեց ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Մարտակերտի գյուղերի մասով կարելի է քարտեզը նայել ու տեսնել, որ դրանք Աղդամի շրջանի գյուղեր են եղել, որոնք վարչատարածքային վերջին բաժանումով ԱՀ-ը միացրել է Մարտակերտի շրջանին»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարը նաև կոչ արեց պատգամավորին ձեռնպահ մնալ իշխանության ու կոնկրետ ՊՆ-ի պաշտոնատար անձանց հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, այլ փաստեր ունենալու դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններ:

«Եթե բավարար իրավական գիտելիքներ չունեք, ես կխնդրեմ մարդկանց, որ ձեզ այդ հարցում օժանդակեն»,- ասաց Բալայանը:

Բաբաջանյանն այս դիտողությանն արձագանքեց տեղից՝ ասելով. «Ձեր չափը ճանաչեք» :

«Դուք ձեր չափը ճանաչեք»,- եղավ փոխնախարարի պատասխանը:

Բալայանը զսպվածության կոչ արեց պատգամավորին ու կրկնեց իր առաջարկը՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել Բաբաջանյանին՝ իրավապահներին դիմելու համար:

Տեղահանված գյուղացիներին առայժմ տեղավորում են Մարտակերտի մանկապարտեզում և դպրոցում

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:

Մասնավորապես` Ադրբեջանին են անցնում Մարտակերտի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը։ Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։Այս գյուղերի տարածքը նախկինում` մինչ 1994թ.–ը, գտնվել է Աղդամի շրջանում։ Առաջին պատերազմի ավարտից հետո դրանք ընդգրկվել են Մարտակերտի շրջանի մեջ։