«Նշանակել եք ամենաանպատրաստ գեներալին». Մովսես Հակոբյանն ասաց` որն է պարտության պատճառը

Պաշտոնից հրաժարված Մովսես Հակոբյանը խոսեց բանակի քանդման գործընթացի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կարծում է, որ արցախյան պատերազմում մեր պարտության առաջին պատճառը ղեկավարման խնդիրն է։ Հակոբյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Կփորձենք շտկել, եթե ոչ` կբողոքարկենք». Հակոբյանը` իր ազատման հրամանի անճշտության մասին

«Պարտությունը կործանում չէ, այլ նոր հաղթանակ կերտելու հնարավորություն։ Պարտությունից պետք է ճիշտ հետևություններ անես։ Ուզում եմ ասել` մեր բոլոր անհաջողությունները սկսվել են ԶՈւ–ի` պատերազմին նախապատրաստվելուց»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` երբ ԳՇ պետի պաշտոնից ազատվել է, վարչապետից հիմնավորում է ուզել։ 5 օր անց վարչապետը տվել է հիմնավորում, ինչը բավարարել է Հակոբյանին. վարչապետն ասել է, որ նախկին բոլոր ղեկավարներին, առաջին դեմքերին որոշել է փոխել, ինչի համար էլ Հակոբյանին հեռացրել է ԳՇ պետի պաշտոնից։ Նա նշեց` վարչապետին առաջարկել է պաշտոնյա, որը կարող է փոխարինել իրեն, սակայն մինչ նա նշանակված օրը պետք է հանդիպեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Արտակ Դավթյանն արդեն իսկ նշանակվել է ԳՇ պետ։

«Այդ ժամանակ ես վարչապետին ասացի` դուք նշանակել եք ամենից անպատրաստ գեներալին։ Եվ այդ օրվանից բանակի քանդման գործընթացն է սկսվել։ Հարցնում են` այս օրերին եղածը դավաճանությո՞ւն էր։ Ոչ, սա դավաճանություն չէ` անգրագիտություն է, պատերազմի ու ղեկավարման արվեստին չտիրապետել է»,–ասաց Հակոբյանը։

Նա հայտնեց, որ 2018-23 թվականների համար ԶՈւ բարեփոխումների և սպառազինության ռազմական տեխնիկայի արդիականացման պլանում փոփոխություններ են կատարվել։ Օրինակ` մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը` ավելացել, բացի այդ, ԳՇ–ի և ՊՆ–ի օպերատիվ օղակը 95 տոկոսով ավելացել է։ Հակոբյանն ասաց նաև, որ փոխարենը մարտավարական օղակից 5 գունդ է կրճատվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։