ԵՐԵՎԱՆ, 19 Նոյեմբեր — Sputnik. Եթե չփոխեին ռազմամթերքի ձեռքբերման պլանն ու ՍՈւ–երի փոխարեն «Տոռ» գնեին, ապա առաջնագծի աջ և ձախ թևերում օդն ինչ–որ չափով պաշտպանված կլիներ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին։
Այսօր Հակոբյանը հայտարարել էր, որ ռազմամթերքի ձեռքբերման պլանը փոխել է վարչապետ Փաշինյանն ու «Տոռ»–ի փոխարեն ՍՈւ գնել. հենց սա էլ մեր ամենամեծ սխալն է եղել։
«Օդն ամբողջությամբ փակել արտահայտություն չկա, քանի որ ԱՄՆ–ի օդն էլ ամբողջությամբ փակ չէ։ Սակայն եթե «Տոռ» գնեինք, ապա այս մակարդակի բաց չէր լինի մեր օդը»,–ասաց Հակոբյանը։
Մեր թղթակիցը հարց է ուղղել նաև, թե պատերազմի առաջին օրերին լուրեր կային, որ Արցախ են տարվել «Կրասուխա» ՌԷՊ միջոցներ և «Բուկ» զենիթահրթիռային համալիր, որքանո՞վ են դրանք նպաստել թշնամու ԱԹՍ–ների դեմ պայքարին։ Ի պատասխան Հակոբյանը նշեց` ոչ թե «Կրասուխա», այլ «Պոլե 21» է Արցախ տարվել, որը մոտ 4 օր «Բայրաքթարների» թռիչքն Արցախի տարածքում սահմանափակել է։ Սակայն հակառակորդը կարողացել է շատ արագ կառավարման համակարգը փոխել ու նորից օգտագործել։
Ինչ վերաբերում է «Բուկին», ապա Հակոբյանը չգիտի` հասե՞լ է այն Արցախ, թե ոչ։ Նա հիշեցրեց, որ «Բուկը» ԱԹՍ–ների դեմ պայքարի միջոց չէ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1609 զոհվածների անունները։
Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։
Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը