«Հարցաքննվել եմ ու վերադարձել տուն». Մովսես Հակոբյանին ՀՔԾ են կանչել

ՊՆ նախկին պաշտոնյան ասուլիսի ընթացքում բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններ էր արել կապված արցախյան վերջին պատերազմի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօրվա ասուլիսից հետո հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը` Մովսես Հակոբյանը։

«Այսօր հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության, հարցաքննվել եմ և վերադարձել տուն», – ասել է Հակոբյանը։

Հատուկ քննչական ծառայությունում Sputnik Արմենիայի հետ զրույցում ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին տեղեկությունը` ասելով, որ այդ հարցը չեն մեկնաբանում։

Մովսես Հակոբյանը պատմեց` ինչպես է հաջողվել «Բայրաքթարների» գրոհը ժամանակավորապես կասեցնել

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը ուղարկվել է ՀՔԾ, նրա ասածները կստուգվեն։

ՊՆ նախկին պաշտոնյան իր ասուլիսի ընթացքում բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններ էր արել` կապված արցախյան վերջին պատերազմի հետ։ Օրինակ` նշել էր, որ վերջին երկու տարում գնված զենքը վերջին պատերազմի ժամանակ չի գործածվել։

Ավելի վաղ վարչապետի խորհրդական Մանե Գևորգյանը հերքել էր Հակոբյանի հայտնած որոշ տեղեկություններ

Մասնավորապես, նա հերքել էր ՊՆ նախկին պաշտոնյայի ասածն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ից առաջ Վլադիմիր Պուտինի հետ չի խոսել։