Մեկ օրում Արցախ է վերադարձել 1199 մարդ. Կոնաշենկով

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով ՝ ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Լեռնային Ղարաբաղ վերադարձող մարդկանց անվտանգ անցումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1199 մարդ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով ՝ նոյեմբերի 14-ից Արցախ է վերադարձել ավելի քան 3 հազար փախստական։

«Մեկ օրում ապահովվել է մարտական գործողությունների պատճառով իրենց տները լքած 1199 փախստականի անվտանգ վերադարձը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ։ Նոյեմբերի 14 - ից սկսած ռուս խաղաղապահների աջակցությամբ նախկին բնակության վայրեր են վերադարձել ավելի քան երեք հազար քաղաքացիներ», - ասել է Կոնաշենկովը։

Ռուս խաղաղապահներն ականազերծել են Լաչինի միջանցքը. տեսանյութ

Նա նշել է, որ ռուս խաղաղապահների հսկողությամբ իրականացվում է բնակչության և քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Կոնաշենկովը հայտնել է նաև, որ հրադադարի ռեժիմը Արցախում պահպանվում է։

Նրա խոսքով ՝ Հյուսիսային և Հարավային պատասխանատվության գոտում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի պահպանման և իրադրության վերահսկողության շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար...

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: