Կողմերը 385 զոհվածի մարմիններ են հանձնել միմյանց. ՌԴ ԱԳՆ

Մարիա Զախարովայի խոսքով՝ 385 թիվը վերաբերվում է հայկական և ադրբեջանական կողմերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայկական և ադրբեջանական կողմերը նոյեմբերի 13-ին փոխանակել են Ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների 385 մարմինները: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Շուրջ 250 զինծառայողի դի մնում են չճանաչված

«Այս թվի մեջ ներառված են երկու կողմի զոհերը», - ասել է նա։

Զախարովան հայտնել է նաև, թե քանի մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։

«Նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 3 054 մարդ», - նշել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: