Ինչ է իրականում տեղի ունեցել Մովսես Հակոբյանի և Աննա Հակոբյանի միջև. պատմում է գեներալը

Մովսես Հակոբյանը պարզաբանեց` որն է եղել իր հիմնական գործառույթը Արցախում և ինչ է ասել հրամանատարական կետում հայտնված Աննա Հակոբյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ պատերազմի ընթացքում սոցցանցերում հրապարակված այն լուրերին, որ ինքը վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հետ միջադեպ է ունեցել, քանի որ նրան հորդորել է չմիջամտել բարձրաստիճան ծառայողների որոշումներին կամ քննարկումներին։

Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Փաշինյանի խոսնակ

Նախ Հակոբյանը պարզաբանեց, որ Արցախում գտնվելու ժամանակ իր հիմնական գործառույթը եղել է ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ չեզոքացնելը և նրանց կողմից հրամանատարի գործունեությանը չմիջամտելը։

«Քանի որ արգելված է եղել կողմնակի անձանց մուտքը հրամանատարական կետ, տիկին Աննային ասել եմ` նպատակահարմար է, որ գնա, քանի որ տղաները խոսում են, գոռում են, կարող են նաև հայհոյել ու կաշկանդվում են իրենից։ Ասաց` լավ։ Մի քիչ էլ նստեց ու գնաց։ 4 ժամից ինձ կանչեցին Երևան։ Եկա պաշտպանության նախարարի մոտ շատ մեծ ակնկալիքով, որ արդեն հասկացած կլինեն, թե ինչ իրավիճակում ենք։ Ինձ հրամայեցին, որ այլևս չգնամ այնտեղ։ Հարցրի` պատճառն ի՞նչն է, ասաց` չգիտեմ, վարչապետն է հրամայել։ Ես վարչապետին հաղորդագրություն եմ գրում, որ չեմ կարողանում մնալ Երևանում, սիրտս պայթում է, ուղարկեք ինձ Արցախ։ Անգամ չի պատասխանել»,–ասաց նա։

Պատերազմի օրերին Ռուսաստանը Հայաստանին տվել է այն, ինչ մենք կյանքում չենք երազել. Հակոբյան

Նրա խոսքով` հաջորդ օրը վարչապետը մեկնել է Արցախ։ Ինքը զանգահարել է Արցախի նախագահին և ասել, որ վարչապետին փոխանցի` հաղորդագրությունը կարդա և բացատրի, որպեսզի իրեն հետ ուղարկեն Արցախ։

«Որոշ ժամանակ հետո Հարությունյանն ինձ ասաց, որ հաջորդ օրը վարչապետն ինձ կընդունի, և ես հետ կգնամ Արցախ։ Հաջորդ երեք օրերին ես զանգահարում եմ վարչապետի աշխատակազմ, որպեսզի ինձ վարչապետն ընդունի, չորրորդ օրն ասում են, որ վարչապետն ինձ չի ընդունելու»,–ասաց նա։

Մովսես Հակոբյանը պատմեց` ինչպես է հաջողվել «Բայրաքթարների» գրոհը ժամանակավորապես կասեցնել

Հակոբյանի խոսքով` այդ պահին իրենց տանը Արցախից եկած շատ մարդիկ կային։

«Մեկի ջերմությունը բարձր էր, տարանք հիվանդանոց, որպեսզի թոքերը նկարեն։ Ես տիկնոջս ասացի` քանի հասել ենք հիվանդանոց, արի մենք էլ հետազոտվենք։ Այդ պահին ինձ զանգահարեց պաշտպանության նախարարը և ասաց, որ վարչապետն ուզում է ինձ տեսնել։ Գնում եմ  նախարարություն։ Խորհրդակցություն է։ Ինձ ներս չեն թողնում։ Խորհրդակցությունն ավարտվում է, վարչապետն ու նախարարը դուրս են գալիս, և Տոնոյանն ինձ ասում է, որ գնամ Օնիկ Գասպարյանի մոտ, որպեսզի վերջինս իմ առջև մարտական խնդիր դնի։ Գնում եմ Գասպարյանի մոտ, ինձ ասում է, որ Սամվել Բաբայանն ասել է` ես գնամ Արցախ ու  գործողություն կոորդինացնեմ։ Ես էլ ասացի` պարոն Գասպարյան, դա քո գործառույթն է և հիշեցրի, որ իրենք 850 հաստիք ունեն և իրենց միջոցով պետք է փոխգործակցություն ապահովեն։ Ասացի` քանի որ Սամվել Բաբայանն է ասում` չեմ անելու, որովհետև պատերազմ ղեկավարելը նրա խելքի գործը չէր։ Ինձ Արցախից հանելու պատճառը կա՛մ Բաբայանին չխանգարելն էր,  կամ տիկին Աննային խնդրելը, որ հրամանատարական կետից դուրս գար»,– նշեց նա։

Հակոբյանի խոսքով` ինքն ասել է, որ գնում է Արցախ, իրեն հանձնարարել են կորոնավիրուսի թեստ հանձնել։

«Թեստը բացասական է եկավ, բայց քանի որ թոքերս հիվանդանոցում նկարել էին, ուղարկել էին հոսպիտալ։ Հասնում եմ Ղարաբաղ, ինձ 6 ժամից զանգում են ու ասում, որ երկկողմանի թոքաբորբ եմ, ինձ մոտ կորոնավիրուս կա։ Որպեսզի ոչ ոքի չվարակեմ հետ եմ գալիս Հայաստան։ Հաջորդ օրը ինֆեկցիոն հիվանդանոցում ինձ բժիշկն ասում է, որ ինձ մոտ ընդամենը մեկ տոկոս է թոքաբորբը, որը բուժման ենթակա չէ։ Նորից է նկարում թոքերս, պարզվում է` այդ մի տոկոս թոքաբորբն էլ չունեմ»,–պատմեց նա։

Կրկնակի թեստից, արյան անալիզից հետո ի վերջո Հակոբյանը կարողանում է գնալ Արցախ, որտեղ մնում է մինչև հոկտեմբերի 28–ը։

Հիշեցնենք` «Wargonzo» տեղեկատվական նախագիծը, որն արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ակտիվորեն լուսաբանում էր իրադարձությունները, անդրադարձել էր նաև հետպատերազմական տեղեկատվական արտահոսքերին։ «Wargonzo»–ն հայտնել էր, որ իրենց ծրագրի ղեկավար Սեմյոն Պեգովին զանգահարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` խնդրելով պատասխանել Վլադիմիր Սոլովյովի այն հաղորդմանը, որտեղ ռուսաստանցի հրատարակիչ, «News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախում մասնակցել է ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:

Մովսես Հակոբյանը նշեց` որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը