ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանին Ֆան Յունին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳն կայքը։
Նախարար Այվազյանը շնորհավորել է Ֆան Յունին՝ դեսպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր արժեքավոր ավանդը կունենա հայ-չինական բազմաոլորտ հարաբերությունների դինամիկան պահպանելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:
Դեսպան Յունը նախարար Այվազյանին փոխանցել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի շնորհավորանքները և բարեմաղթանքները նրա` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնահատուկ շեշտելով առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են Արցախի հարցը։ Այվազյանը դեսպանին տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ իրականացվող գործողությունների մասին: Նախարար Այվազյանն այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:
Չինաստանի նորանշանակ դեսպանը հայտնել է, որ ՉԺՀ պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ առ այն, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը պետք է լինի բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Նշենք, որ Արա Այվազյանը արտաքին գործերի նախարար է նշանակվել նոյեմբերի 18-ին` փոխարինելով ԼՂ եռակողմ հայտարարությունից հետո աշխատանքից հեռացած նախարար Զոհրաբ Մնացականյանին։