Գնում ենք, երևի լավ կլինի. Շիրակի մարզից արցախցիների առաջին խումբը մեկնեց Արցախ

Շիրակի մարզում ապաստան գտած ընտանիքները վերադառնում են Արցախ: Նրանք երկակի զգացողություն ունեն՝ վերադառնում են, բայց կյանքն այլևս առաջվանը չի լինի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզից Արցախ վերադարձողների առաջին խումբը ճանապարհ ընկավ վաղ առավոտյան, որպեսզի մինչև մթնելը տեղ հասնեն: Շատերը լուռ էին, խոսել չէին ուզում, բայց արցունքները խոսում էին նրանց փոխարեն։ Ոմանք էլ թեև ուրախ էին, որ վերադառնում են Արցախ, բայց դեռ չեն պատկերացնում՝ ինչ են անելու, ինչպես են շարունակելու ապրել՝ առանց իրենց տան ու գյուղի:

Նոյեմբերի 19-ին Շիրակի մարզից 45 արցախցի էր վերադառնալու ցանկություն հայտնել, հիմնականում` ստեփանակերտցիները:

Ալեքսեյ Հարությունյանը Ստեփանակերտից է: Գյումրիում է նոյեմբերի 3-ից: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմեց, որ իր տունը կանգուն է, բայց բոլոր ապակինները կոտրված են։

«Նախկին կյանքին դժվար թե վերադառնանք, Շուշին չկա, 50 կմ հեռավորության վրա է Ստեփանակերտից, վաղն ո՞վ է իմանում՝ ինչ կլինի, տեր կլինի, զորք կլինի: Չգիտենք: Հարցականի տակ գնում ենք։ Բայց գնում ենք, ինչքա՞ն կարող ենք ուրիշ տեղ մնալ, ինչքա՞ն կարող են մեզ ձրի պահել… Երևի լավ կլինի,-ասաց նա։

Հարությունյանը գնում է տան հարցերը լուծելու, որպեսզի հետո էլ Երևանում գտնվող ընտանիքի անդամները հետ գնան Ստեփանակերտ:

Գնում ենք, երևի լավ կլինի. Շիրակի մարզից արցախցիների առաջին խումբը մեկնեց Արցախ

«Պետք է վերադառնանք, մեր հողը չթողնենք ուրիշին: Ասացին` աշխատատեղերը կան: Կգնանք, կտեսնենք` ինչ վիճակ է այնտեղ»,-ասաց Արցախ վերադարձող Անգելինա Սայանը:

Ժորա Բարսեղյանը Շուշիից է: Թեև երիտասարդը հայրենի տուն վերադառնալու հնարավորություն չունի, բայց Արցախում ապրելու որոշումը հաստատուն է:

Գնում ենք, երևի լավ կլինի. Շիրակի մարզից արցախցիների առաջին խումբը մեկնեց Արցախ

«Տունս մնաց Շուշիում, բայց հույսս չեմ կտրում, որ մի օր էլի վերադառնալու եմ: Դժվար է, բայց այդ հույսով եմ ապրելու, առանց հույսի հնարավոր չէ»,-անկեղծացավ Ժորան` հույս հայտնելով, որ իշխանությունները կլուծեն կացության հարցը:

Ստեփանակերտում օթևան գտնելու հույսով Արցախ մեկնեց նաև Էլմիրա Դավթյանը: Նրա գյուղը՝ Սարգսաշենն այլև չկա. ադրբեջանցիներն այրել են:

«Մենք գյուղից դուրս ենք եկել վերջին վայրկյանին, չենք կարողացել ոչ մի բան վերցնել, շոր-մոր, չգիտեմ` էս ինչ դառավ: Կվերադառնամ, մեկսենյականոց տուն տան, կմնամ, ի՞նչ անեմ»,- ասաց տիկին Էլմիրան:

Գնում ենք, երևի լավ կլինի. Շիրակի մարզից արցախցիների առաջին խումբը մեկնեց Արցախ

Սա Շիրակից Արցախ մեկնող առաջին խումբն էր, բայց ոչ վերջինը: Հետագա օրերին ևս խմբեր կմեկնեն Արցախ: Չնայած վախին ու անորոշությանը, հայրենի Արցախ մեկնելու ցանկություն հայտնած ընտանիքներ դեռ շատ կան: