ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Շուշիի մասին հայտարարությունը, ասաց` տեսնելով, որ դրությունը ծանր է, հայկական կողմը համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը դրանց գումարել է նաև Շուշին:
«Հայկական կողմը, քննարկելով այդ առաջարկը, որոշել է, որ փաստացի դա նշանակում է Շուշիի հանձնում, որովհետև, եթե Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները, դա նշանակում է հանձնել Շուշին, և որոշել է շարունակել պայքարը, ինչի մասին նաև ասաց ՌԴ նախագահը»,- ասաց Նազարյանը:
Նրա խոսքով` հայկական կողմը մտածել է, որ Շուշիում ռազմական հաջողություն կունենա՝ պայմանավորված Շուշիի ռազմավարական դիրքով , բայց դա տեղի չի ունեցել:
«Եթե այդ ժամանակ վարչապետը ՌԴ-ի առաջարկն ընդուներ, ոչ մեկս իրեն չէինք ընդունի»․ Խաչատրյան
«Այս հայտարարությունն ընդունվել է հենց Շուշիի անկման կետում, երբ այդ պահից սկսած չէր լինելու ոչ մի ռազմական հաջողություն, ու ոչ մի զոհ չէր լուծելու ոչ մի ռազմական խնդիր»,- ասաց Նազարյանը:
«Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն էլ հիշեցրեց, որ Պուտինի հիշատակած օրերին՝ հոկտեմբերի 19-20-ը, ռազմաճակատի գիծն անցնում էր Մարտունիով ու 20 կմ հեռու էր Շուշիից:
«Այդ պայմաններում պատկերացնել, որ ադրբեջանցի փախստականներ են վերադառնալու Շուշի… Նախ` ինչ պայմաններով են վերադառնալու, ինչ ճանապարհով: Ենթադրում եմ, որ իրենք նաև ճանապարհի հարց պետք է բարձրացնեին: Ու նաև Շուշիի քաղաքապետն էր լինելու ադրբեջանցի, որովհետև քաղաքի 80%-ն առնվազն լինելու էին ադրբեջանցիներ: Ենթադրում եմ, որ քաղաքում հայ ընդհանրապես չէր մնալու: Այդ պայմաններում ինչպես ենք ասում, որ քաղաքը մնալու էր մեր վերահսկողության տակ, եթե քաղաքապետն ադրբեջանցի է, քաղաքապետն ադրբեջանցի է», -ասաց Եղոյանը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահն օրերս հայտարարել էր, որ հոկտեմբերի 20-ին Ալիևը նախապայման էր դրել հայկական կողմի դիմաց` թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի։ Փաշինյանը դեմ է եղել դրան, ասել է` մենք կռվելու ենք։
Միայն զինվորի խիզախությամբ հաղթանակի չեն հասնում. Հայաստանի ռազմական սխալները Ղարաբաղում