Արցախի օմբուդսմանը թվարկել է` որ գյուղերում են 30 տարվա մեջ 2–րդ անգամ տուն կորցրել

Մարտակերտի յոթ գյուղերի բնակիչները երեսուն տարվա մեջ երկրորդ անգամ են տուն կորցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Արցախի օմբուդսման Արտակ Բեգլարյանը հերթական անգամ բարձրացրել է տուժած արցախցիների հարցը։ Այս անգամ նա անգլերենով տեսաուղերձ է հրապարակել` դիմելով միջազգային հանրությանը։

«Մարտակերտի շրջանի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը երեսուն տարվա մեջ երկրորդ անգամ են տուն կորցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդ և Հովտաշեն գյուղերի բնակիչները կորցրել են իրենց առաջին տները 1990-ականների պատերազմում ՝ ադրբեջանական օկուպացիայի պատճառով: Այժմ նրանք կրկին ստիպված են լքել իրենց տները», – ասել է Բեգլարյանը։

Նա հիշեցրել է, որ 1992 թվականին Ադրբեջանի զինված ուժերը դաժանորեն ոչնչացրել են Մարաղայի բնակչության մի մասին։

«Ընտանիքիս հետ շարունակելու եմ բնակվել ու արարել իմ հայրենի հողում». Արտակ Բեգլարյան

«Կույր մի եղեք», – հորդորել է Արցախի օմբուդսմանը։

Նշենք, որ համաձայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության` Ադրբեջանին են անցնում այն տարածքները, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն գրավել է պատերազմի ժամանակ, ինչպես նաև Աղդամի, Լաչինի և Քելբաջարի շրջանները։

Քանի որ այդ շրջանները Խորհրդային Ադրբեջանի վարչական բաժանման շրջաններն են և մեծամասամբ չեն համընկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների հետ, այդ պատճառով որոշ համայնքների ճակատագիրը պարզվել է միայն վերջին օրերին։

Անպատժելիությունը պարարտ հող է Ադրբեջանի համար շարունակելու վայրագությունները. նոր զեկույց