Արցախի ճանաչման հարցն առաջիկայում կարող է բերվել ԱԺ. Հայաստանը փաստացի ճանաչել է Արցախը

Իշխանական պատգամավորը դժվարացավ ասել, թե Արցախի ճանաչումը որքանով կազդեր մարտական գործողությունների ու Արցախի հետագա ճանաչման գործընթացի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Արցախի ճանաչման հարցը խորհրդարանական մակարդակով քննարկվել է պատերազմի առաջին օրերից: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը:

Արցախի անկախության ճանաչման մասին նախագիծ է ներկայացվել Ֆրանսիայի սենատ

Եղոյանն ասաց, որ եթե Արցախը ճանաչվեր պատերազմի ընթացքում, Հայաստանը պետք է ճանաչեր այն արդեն տեղի ունեցած կորուստներով, հետևաբար որոշվել է սպասել որոշակի բեկման:

Բացի այդ, նրա համոզմամբ, Հայաստանը փաստացի ճանաչել է Արցախի Հանրապետությունը՝ որպես սուվերեն պետություն, և այդ մասին վկայում են երկու երկրների հարաբերությունները:

«Եթե չենք ճանաչել, ինչպես ենք միջպետական վարկ տրամադրում Արցախին»,- ասաց Եղոյանը՝ շեշտելով, որ չի կարող ասել, թե Արցախի ճանաչումը որքանով կազդեր մարտական գործողություների ու Արցախի հետագա ճանաչման գործընթացի վրա:

Պատգամավորը չբացառեց, որ Արցախի ճանաչման հարցը խորհրդարան բերվի այս փուլում: Նրա խոսքով` եթե ներկա պահին խորհրդարանում այս հարցով քննարկումներ չկան, ապա կծավալվեն: