ԱԺ-ն հաստատեց գերեվարված զինվորականների իրավունքները պաշտպանող օրենքը

Գերի ընկած զինվորականների ընտանիքներն այսուհետ սոցիալական երաշխիքներ կստանան: Նոր օրենքը կտարածվի նաև Արցախյան պատերազմի ռազմագերիների վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծին միաձայն հավանություն տվեցին ԱԺ նիստին մասնակցող 75 պատգամավորները:

Գերիների և դիակների փոխանակում. ՊՆ–ն արդեն աշխատում է խաղաղապահների և Կարմիր խաչի հետ

Նշենք, որ ընդդիմությունն ի նշան բողոքի խորհրդարանի նիստերին չի մասնակցում:

Նոր օրենքով գերության մեջ հայտնված զինծառայողներն իրավունք են ստանում աշխատավարձ ստանալու ու իրենց զինվորական պաշտոնները պահպանելու:

Մխիթար Հայրապետյանը նախագիծը ներկայացնելով ասել էր, որ գործող օրենսդրության համաձայն` գերության մեջ հայտնվելու դեպքում զինծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի այլ հոդվածով սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է պաշտոնային դրույքաչափը` մնալով կադրային ստորաբաժանման մեջ:

Ո՞ր հեռախոսահամարներով է պետք զանգել գերի ընկած զինծառայողների մասին իմանալու համար

Ընդունված օրենքն, ի դեպ, ունենալու է հետադարձ ուժ և տարածվելու է 2020թ. հունվարի 1-ից հետո գերեվարված բոլոր այն զինվորականների վրա, որոնք գերի են ընկել ռազմական գործողությունների հետևանքով, և այդ փաստը կասկածի տակ չի առնվել: Հակառակ դեպքում հարուցվում են քրեական գործեր՝ պարզելու, թե իրականում ինչ հանգամանքներում է զինվորականը հայտնվել հակառակորդի տարածքում:

Հավելենք, որ Արցախյան պատերազմում գերեվարվածների հստակ թիվ պաշտոնապես դեռ չկա։ Նախնական տվյալներով նշվում է մինչեւ 20 գերու մասին։