ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմեբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Ղազախական կողմն արձագանքել է սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններին այն մասին, որ հայ գործարար, զինավաճառ Դավիթ Գալստյանը ռազմական արտադրանք է մատակարարել Թուրքիային: Ավելի վաղ նման տեղեկություն էր տարածել Armenian Military Portal տելեգրամյան ալիքը:
Հրապարակման մեջ շոշափվում էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նրա տեղակալ Մակար Ղամբարյանի անունները, որոնք իբր առնչություն են ունեցել այդ գործարքին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ զենքն ու զինամթերքը գնվել են Ղազախստանում, որտեղ էլ հիմնադրվել է Moston Engineering ընկերությունը:
Ընկերությունը ՀՀ ՊՆ-ից 3,5 մլն դոլարի փոխառություն է վերցրել՝ զինամթերք գնելու և Հայաստան տեղափոխելու նպատակով։ Վարկի մասին տեղեկությունների արտահոսք է տեղի ունեցել, դրանք հայտնվել են համացանցում: Բացի այդ, Telegram-ալիքի հեղինակները հրապարակել են նաև վերջնական օգտատիրոջ հավաստագրի սքրինշոթը, որը, իբր, տրվել է Թուրքիայի Հանրապետության կողմից Mosston Engineering ընկերությանը: Այդ փաստերը նրանց առիթ են տվել պնդելու Թուրքիային սպառազինության մատակարարման մասին, որին, նրանց կարծիքով, մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը ։
Իրավիճակը պարզելու նպատակով Sputnik Արմենիան հարցում է ուղարկել Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարություն, որը համակարգում է պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև «Կազտեխնոլոգիի» ԲԸ, որն անմիջականորեն ներգրավված է պաշտպանական գործարքներում։
Փոխնախարար Թալգատ Ժանժումենովի մեկնաբանության մեջ նշվում է, որ «Կազտեխնոլոգիի» բաժնետիրական ընկերության կողմից Թուրքիայի Հանրապետությանը զենքի և զինամթերքի վաճառք չի իրականացվել։
«Ուսումնասիրելով «Mosston Engineering LTD»(այսուհետ՝ «Moston») արտասահմանյան ընկերության կողմից Թուրքիայի Հանրապետությանը զենք և զինամթերթ վաճառելու վերաբերյալ հարցումները, հայտնում ենք, որ «Կազտեխնոլոգիի» ընկերության կողմից զենքի և զինամթերքի վաճառք Թուրքիայի Հանրապետությանը չի իրականացվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Փոխնախարարը նաև ընգծել է, որ Թուրքիայի Հանրապետության կողմից Mosston ընկերությանը տրամադրված վերոհիշյալ հավաստագիրը, ըստ Ղազախստանի Հանրապետության գործող օրենսդրության, Ղազախստանից ռազմական գույքի իրացման թույլտվության հիմք չի հանդիսանում։
«Ղազախստանի Հանրապետությունում գործում է արտահանման վերահսկողության համակարգ, որը թույլ է տալիս միջազգային օրենսդրության հիման վրա չեզոքացնել զենքի մատակարարման գոյություն ունեցող ռիսկերը, որոնք հանգեցնում են ռազմական հակամարտությունների սրման»,-ասվում է հարցմանն ի պատասխան։
Եվս մեկ նմանատիպ հարցում մենք ուղարկել էինք «Կազտեխնոլոգիի» ընկերությանը։ Այստեղ հայտնեցին, որ 2015թ․-ի ապրիլի 2-ին «Կազտեխնոլոգիի» ԲԸ-ի և Moston Engineering-ի միջև զինամթերթի իրացման պայմանագիր է կնքվել։ Պայմանագրի գործողության ժամկետը լրացել է 2019թ․-ի մարտի 1-ին։
«Ներկա պահին ընկերությունը Mosston-ի հետ չի համագործակցում, և Թուրքիայի Հանրապետության հետ զինամթերքի և զենքի իրացում չի իրականացվել»,-ասվում է ղազախական ընկերության մեկնաբանության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Telegram-ալիքի հրապարակումը մեկնաբանել էին նաև պաշտպանության նախարարությունը և անձամբ Գալստյանը։ Վերջինս նշել էր, որ 2014թ․-ին իր ընկերությունը իսկապես Ղազախստանում գնել է տարբեր տրամաչափի 200 միլիոն փամփուշտ։ Գնումն իրականացվել է Ղազախստանի օրենսդրությանն ու միջազգային իրավունքին համապատասխան։ Սակայն այդ սպառազինության գնման իրական փաստաթղթի հիմա վրա կամայական ենթադրություն է արվել, որ դրանք ուղարկվել են Թուրքիա։
Գալստյանը հայտնել էր, որ փամփուշտները մի քանի խմբաքանակով վերավաճառվել են մի շարք պետությունների, բայց Թուրքիա վաճառքի մասին տեղեկությունները բացարձակ սուտ են և մանիպուլյացիա։