Ռազմագիտության չափորոշիչները պետք է վերանայել. ի՞նչ է պետք սովորեցնել ապագա զինվորներին

Կրթության և ռազմական ոլորտի մասնագետները կարծում են` պատերազմից հետո չպետք է դպրոցներում «Ռազմագիտություն» առարկան անցնեն այնպես, ինչ նախկինում էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչները (Ռազմագիտություն), հաշվի առնելով վերջին իրադարձությունները, պետք է վերանայվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը։

«Առաջիկայում պետք է լուրջ քննարկումներ լինեն ռազմագիտության վերանայման առնչությամբ։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեզ համար կենսական անհրաժեշտություն է ռազմական գործին տիրապետելը։ Բացի այդ, հաշվի առնելով վերջին ռազմական իրադարձությունները, պետք է լիովին վերանայվեն դասավանդման մեթոդները»,–ասաց Եղիազարյանը։

Նրա խոսքով` ՆԶՊ–ն պետք է և՛ լսարանում, և՛ լսարանից դուրս դասավանդվի։ Եղիազարյանը կարծում է` ապագա զինվորներին պետք է սովորեցնել ճանաչել բանակը, իսկ դրա համար պետք է զորամասերի հետ շատ աշխատեն։ Այսինքն` զորամաս այց կազմակերպեն, բանակի պայմաներին ներսից ծանոթանան, ինչպես նաև զինամիջոցների հետ ծանոթանան, որպեսզի աշակերտը ձգտի վաղը զինվոր դառնալ։

Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը

Ռազմական վերլուծաբանը նշում է` լավ է, որ պահեստազորի սպաներն են դասավանդում առարկան, սակայն միայն սպա լինելը քիչ է, և նրանք պետք է վերապատրաստում անցնեն որպես հոգեբաններ, մանկավարժներ, որպեսզի կարողանան ճիշտ տեղ հասցնել ասելիքը։ Հարցն այն է, որ սպան, ի վերջո, սովոր է աշխատել չափահաս անձանց հետ, սակայն դպրոցահասակի հետ աշխատանքն այլ է։

«Ուսումնական ծրագրերը պետք է ներառեն մարտավարական խնդիրների որոշակի իմացություն։ Եթե անգամ կարելի է, պետք է կոնկրետ դպրոցներ կցել զորամասերին»,–ասաց Եղիազարյանը։

Կրթության ոլորտի փորձագետ Սերգեյ Խաչատրյանն էլ կարծում է` ցանկացած երկրի կրթական համակարգ առաջին հերթին պետք է ծառայի տվյալ երկրի խնդիրների լուծմանը։ Այդ իմաստով էլ մեզ համար շատ կարևոր է ռազմագիտության ուսուցումը։

Մենք պատերազմը տանուլ ենք տվել 26 տարի առաջ. զինվորական բժիշկ

Նրա խոսքով` կրթական համակարգը, որն ունենք, որոշակի առարկաների տալիս է առավելություններ, այսինքն, օրինակ, քանի որ հայոց լեզվից, օտար լեզվից և մաթեմատիկայից ավարտական և ընդունելության քննություն պետք է հանձնեն, մեր դպրոցներում այդ երեք առարկաները որոշակի առավելություն են ստանում մյուսների հանդեպ։ Այս համատեքստում մնացած առարկաները մղվում են երկրորդ պլան։

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

«Ցավոք, մեր հանրակրթական համակարգը քննությունակենտրոն է, և քանի որ ռազմագիտությունից ավարտական կամ ընդունելության քննություն չկա, երկրորդ պլան է մղվում։ Սակայն կարծում եմ` վերոնշյալ առարկայի ուսուցումը պետք է ավելի հետաքրքիր դարձնել»,–ասաց Խաչատրյանը։

Նա կարծում է, որ ուսուցիչների հետ մեծ ծավալի աշխատանք է պետք տանել, որովհետև ռազմագիտության ոչ բոլոր ուսուցիչներն ունեն մանկավարժական լավ պատրաստվածություն։ Կրթության փորձագետի խոսքով` պետք է նաև կիրառականությունն ավելանա, քանի որ պրակտիկայում ավելի շատ բան կարող են սովորել այս առարկայի դեպքում, քան դասարանային պայմաններում։ Այսինքն` մարտավարական, ֆիզիկական, տակտիկական հմտություններ պետք է սովորեն։

ԱԹՍ–ների ռուսական արտադրողն արտադրություն կհիմնի Հայաստանում

Բացի այդ, ըստ Խաչատրյանի, ռազմագիտությունը պետք է կապել այլ առարկաների հետ` ֆիզիկայի, քիմիայի։ Նա նշեց` այս օրերին տարբեր զինատեսակների մասին ենք խոսում և լավ կլինի, որ ինժեներական և ռոբոտաշինական խմբակների հետ էլ կապ հաստատվի։ Կրթության փորձագետն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ պետք է վերանայել ամեն ինչ։