Մովսես Հակոբյանը հրաժարվել է պաշտոնից

Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայտնի է, թե ովքեր են փոխարինելու հրաժարական ներկայացրած նախարարներին

Հակոբյանը ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 19-ին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 17–ին։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։