ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԳ պաշտոնաթող նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնից հրաժարվելուց հետո առաջին անգամ հրապարակային գրառում է արել` անդրադառնալով Հայաստսանի ներկա իրավիճակին ու տարածաշրջանային իրադարձություններին։
«Լարված ժամանակներ են Հայաստանի համար։ Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում, դիկտատորներն ու բարբարոսներն աղմուկ են բարձրացնում»,– գրում է Մնացականյանը Twitter–ի իր միկրոբլոգում։
«Բայց ես չեմ կասկածում իմ ժողովրդի ուժին, տոկունությանն ու իմաստությանը։ Միասին մենք կբարձրանանք, կվերականգնենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ ։ Աստված օրհնի Հայաստանը։ Արցախն ամուր է» ,–գրում է նախկին ԱԳ նախարարը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։
Վարչապետն ասել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը:
Այս հայտարարությանը հաջորդել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:
Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։