Ինչով էր զբաղվում ԱԻՆ-ը պատերազմից առաջ և հետո. պատասխանում է Արմեն Փամբուխչյանը

ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն այդպես էլ չասաց, թե ինչն է եղել Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականի պատճառը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԱԻՆ–ն ակտիվորեն ներգրավված է մարդասիրական բեռ ստանալու, բաշխելու և տեսակավորելու գործընթացում:

«Պատերազմի ժամանակ ԱԻՆ-ը մի շարք գործողություններ է իրականացրել, որոնք շարունակում է իրականացնել նաև հիմա։ ԱԻՆ-ի վրա դրված հիմնական գործառույթը բեռների ստացումն ու տեսակավորումն է», - ասաց Փամբուխչյանը։

Նա նշեց, որ բեռներ (հագուստ, սննդամթերք - խմբ.) Արցախ ուղարկելու կամ Հայաստանում ժամանակավորապես գտնվող արցախցի ընտանիքների շրջանում բաշխելու հարցը լուծվում է` հաշվի առնելով իրավիճակը։

Նա հրաժարվեց պատասխանել հարցին` արդյոք ինքը կնշանակվի՞ արտակարգ իրավիճակների նախարար։ Փամբուխչյանը չմեկնաբանեց նաև Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականի պատճառները։

Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018թ. հոկտեմբերի 4-ին: Երեկ` նոյեմբերի 17-ին, հրաժարական տվեց։ Փամբուխչյանին փոխնախարար նշանակելուց հետո սկսեցին խոսակցություններ պտտվել, որ նրան պատրաստում են նախարարի պաշտոնին։