Ի՞նչ կատարվեց Արցախում. արևմտյան ու ռուսաստանյան լրատվամիջոցների անդրադարձը

Եկեք անկեղծ լինենք։ Ոչ միայն մենք, այլև աշխարհն է փորձում հասկանալ, թե ինչ կատարվեց Արցախում վերջին մեկուկես ամսվա ընթացքում։
Sputnik
Ի՞նչ կատարվեց Արցախում. արևմտյան ու ռուսաստանյան լրատվամիջոցների անդրադարձը

«Դեռ Շպիգել» գերմանական պարբերականի թղթակիցներն այսօր նկարագրում են, թե ինչպես են հայերը հեռանում Քարվաճառի շրջանից` հաճախ նաև այրելով իրենց տները։ Իսկ բրիտանական ԲիԲիՍի-ն ներկայացնում է մեկնաբանների և քաղաքական գործիչների կարծիքները` անդրադառնալով այն հիմնական հարցերին, որոնք վերջին օրերին աշխուժորեն շոշափվում են նաև Հայաստանում՝ ինչ եղավ, ինչու եղավ, և ինչ է սպասվում առաջիկայում։

Տեղահանված գյուղացիներին առայժմ տեղավորում են Մարտակերտի մանկապարտեզում և դպրոցում

Նախ` շատ հակիրճ այն մասին, թե ինչ իրավիճակ է ստեղծվել։ Արևմտյան և ռուսաստանյան լրատվամիջոցները փաստում են՝ Հայաստանն ու Ադրբեջանը լիովին դադարեցրել են ռազմական գործողությունները, Շուշին մնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, հայկական կողմն էլ պարտավորվել է ադրբեջանցիներին վերադարձնել երեք շրջաններ՝ Աղդամը, Քելբաջարը և Լաչինը։ Բայց հայկական ուժերի վերահսկողության տակ են մնում Ստեփանակերտը, Մարտակերտը և Մարտունին։ Ու նաև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի այն տարածքները, որոնք մեզ հաջողվել է պահպանել։ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ շարունակելու է գործել ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության տակ։

Ստեփանակերտից դուրս չի եկել, կռվող որդիների թիկունքն է պահել. արցախցի կինը շվարած է

Չգիտես ինչու, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ տարածաշրջանում տեղակայվելու են նաև թուրք խաղաղապահները, բայց բոլորովին պարզ չէ, թե ինչն է հիմք հանդիսացել նման տարօրինակ հայտարարության համար և Մոսկվան կտրականապես դա հերքել է։ Այդուհանդերձ ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը փաստել է. «Թուրքիան ստացավ առավելագույնը, ինչ կարող էր ձեռք բերել իր տնտեսության այժմյան տխուր վիճակում՝ կունենա Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու իրավունք։ Ու երևի կշարունակի զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ` ընդլայնելով իր ներկայությունը Հարավային Կովկասում»։

Սակայն կանադացի լրագրող Նիլ Հոյերը, որը լուսաբանել է այս վերջին պատերազմը, հակադարձում է. «Թուրքիան ցանկանում էր դերակատարություն ունենալ այս հակամարտության կարգավորման գործընթացում, բայց դա չհաջողվեց։ Անկարան ընդամենը հնարավորություն ունի մի քանի սպա գործուղելու հրադադարի պահպանման մոնիտորինգի կենտրոն, որը գտնվելու է Ադրբեջանի տարածքում»։

Սա խանութս էր, վառում եմ. Մարտակերտի շրջանի բնակիչներն իրերը դուրս բերելու ժամանակ չունեն

Ռուսաստանյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ նոյեմբերի 10-ին` դեռ մինչև հրադադարի հայտարարելը, Հայաստանի տարածքում, Նախիջևանի սահմանի մոտ ադրբեջանական ուժերը ռուսաստանյան ՄԻ-24 ուղղաթիռ էին խոցել, ինչի հետևանքով երկու զինվորական զոհվել էին, մեկն էլ` ծանր վիրավորվել։ Այդ միջադեպը կարող էր առիթ դառնալ, որպեսզի Ռուսաստանը լրջորեն միջամտեր հակամարտությանը, սակայն ադրբեջանական կողմը ներողություն խնդրեց և պատրաստակամություն հայտնեց ֆինանսական օգնություն տրամադրել զոհվածների ընտանիքներին։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լավրովի հետ քննարկել են հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը

Ռուսաստանցի փորձագետ Ֆյոդոր Լուկյանովը, որը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» կոչվող հանդեսի գլխավոր խմբագիրն է, փաստել է. «Կրեմլը ի սկզբանե զբաղվել է հակամարտությամբ, բանակցել է Թուրքիայի հետ, շփումներ է ունեցել Ադրբեջանի հետ, բայց ոչ պաշտոնապես ռազմական օգնություն է ցուցաբերել Հայաստանին»։

Եվ վերջում։ Հիշում եք երևի, որ մի ժամանակ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր Ջեյմս Ուորլիքը։ Նրա կարծիքով` հայկական կողմն ավելի վաղ պետք է համաձայնություն կնքեր Ադրբեջանի հետ Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Այս պնդումը այնքան էլ միանշանակ չէ, որովհետև պարզի չէ՝ իսկ արդյոք Բաքուն պատրա՞ստ էր նման համաձայնության։ Ադրբեջանի ղեկավարությունն իրականում երբեք հստակ չի ասել, որ համաձայն է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի և Արցախի հետ, հակառակը` միշտ սպառնացել է, որ պատերազմով կլուծի հարցը։ Սակայն Ջեյմս Ուորլիքը նաև այլ հայտարարություն է արել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շատ ավելի ակտիվ դեր պիտի ունենար և թույլ չտար, որ գործը լայնածավալ պատերազմի հասներ։

Խոստովանենք՝ այս մի հայտարարության հետ դժվար է չհամաձայնել։