Ինչ են ասել իմքայլականները ՍՈւ–երի հրթիռներ չունենալու մասին. Գորգիսյանը փակագծեր է բացում

Գևորգ Գորգիսյանն անդրադարձել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փակ նիստերի ժամանակ հնչած հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Բոլոր հարցերը, որոնք մինչ այս հնչել են ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստերին, իմքայլականներից ստացել են նույն պատասխանը` ամեն ինչ հաշվարկված է։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։

«Երբ դեռ 2020-ի բյուջեն էինք քննարկում, որտեղ նշված էր համապատասխան գնումները, ես սպառազինությանն առնչվող հարցեր եմ տվել, սակայն ի պատասխան միայն ասել են` մենք գիտենք ինչ ենք արել։ Երբեմն իմքայլական պատգամավորները մտահոգություն հայտնել են, սակայն մեր բարձրացրած հարցերին չեն սատարել»,–ասաց Գորգիսյանը։

Հարցին, թե պաշտպանության հանձնաժողովի փակ նիստերին հարց հնչե՞լ է` ինչու մենք ունենք ՍՈւ-30, սակայն դրանց համար հրթիռներ չենք գնել, Գորգիսյանը պատասխանեց, որ այդ հարցին ի պատասխան էլ ասել են` ամեն ինչ պլանավորված է, ամեն ինչ ժամանակին գալու է։

«Եկել է մի փուլ, երբ դիրքերում զինվորները կրակելու հնարավորություն չեն ունեցել». Քոչարյան

Երկրում ստեղծված ներկայիս իրավիճակի համար էլ, ըստ ԼՀԿ–ական պատգամավորի, ամբողջ կառավարությունն է մեղավոր` սկսած դիվանագիտական ապարատից մինչև ՊՆ։ Սակայն թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է։ Գորգիսյանի խոսքով` ստացվում է, որ մենք պատրաստ չէինք այս պատերազմին ո՛չ սպառազինությամբ, ո՛չ կազմակերպվածությամբ։

«Մարդ, որը ստեղծել է խնդիրներ, չի կարող այդ խնդիրները լուծել։ Եթե վարչապետն այսպես շարունակի, մեծ թվով մարդիկ ուղղակի արտագաղթելու են»,–ասաց Գորգիսյանը։

Հիշեցնենք` այս տարվա օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։

ՍՈւ-30 ՍՄ առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում են դեռ 2019թ.–ի դեկտեմբերից։ Առայժմ դրանք չորսն են, բայց ՊՆ–ն վստահեցնում է` մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։

Հոկտեմբերի 16-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննադատել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և նշել, որ նախարարին հրավիրելու են հանձնաժողով` հարցերի պատասխանելու։ Քոչարյանն ասաց, որ Տոնոյանին հարցնելու է, թե ինչու գնված Սու-30 ինքնաթիռները չթռան արցախյան պատերազմի ժամանակ։

Քոչարյանը պետք է ներողություն խնդրի զինվորականներից. ՊՆ