Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի կողմից տուգանվել է 10 հազար եվրոյով

Կորոնավիրուսային կանոնների համաձայն` ֆուտբոլային հանդիպումների ընթացքում թիմի անդամներին չի թույլատրվում լքել հյուրանոցը, բացառությամբ հատուկ դեպքերի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի -Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 10 հազար եվրոյով Տալլինում կորոնավիրուսային մեկուսացման կանոնները խախտելու համար։ Տեղեկությունը հայտնել է Էստոնիայի ERR  հեռուստառադիոհեռարձակման կայքը:

Կորոնավիրուսը փորձում է խանգարել. ֆուտբոլիստներից շատերը չեն մասնակցի հավաքականի խաղին

Հոկտեմբերին Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի շրջանակներում Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի թիմի հետ (այն ավարտվել է 1:1 հաշվով):

«Հանդիպումից առաջ Հայաստանի թիմի ֆուտբոլիստներն ու մարզիչներն այցելել են հայկական եկեղեցի և հանդիպել Տալլինի «Արարատ»  ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստների և նրանց ծնողների հետ։ Ընդ որում, մեկ օր առաջ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից մեկի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Ինչպես նշում է ՈւԵՖԱ-ի կայքը, Return to Play Protocol կորոնավիրուսային կանոնների համաձայն` թիմի անդամներին հանդիպումների ընթացքում չի թույլատրվում լքել հյուրանոցը, բացառությամբ հատուկ դեպքերի:

Տուգանքը պետք է վճարել 90 օրվա ընթացքում։