Դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ–ի հետ համագործակցության համաձայնագրի փոփոխությունները

Արձանագրությունը նախատեսում է ռուսական նավթամթերքի (նավթային գուդրոնի) արտահանում Հայաստանի տարածք՝ առանց արտահանման մաքսատուրք գանձելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի մատակարարման ոլորտում Հայաստանի հետ համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ համապատասխան որոշումը կայացվել է այսօր։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրի արձանագրությունը վավերացրել էր այս տարվա ապրիլին։

Արձանագրությունը պարզեցնում է դեպի Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման ձևակերպումը։ Այդ նպատակով չեղարկվում է Ռուսաստանից Հայաստան արտահանման ժամանակ 95-ից ցածր օկտանային թվով ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի, մազութի և նավթային հեղուկ պարաֆինի ժամանակավոր մաքսային հայտարարագրումը: