Այդ մարդը լինելու է բոլորի կողմից ընդունված. Վանեցյանը խոսել է ժամանակավոր վարչապետի մասին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթոր Վանեցյանը հայտարարել է, որ հեռու չէ այն օրը, երբ ընդդիմադիր կուսակցությունները համատեղ քննարկումից հետո կհայտարարեն ազգային համաձայնության կառավարության ղեկավարի անձի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ նախկնի տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում կմասնակցի դրանց։ Այս մասին Վանեցյանը հայտնեց այսօր Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո, լրագրողների հետ զրույցում։

Թե ինչ դրեակատարություն է ենթադրում իր մասնակցությունը, Վանեցյանը չհստակեցրեց` նշելով, որ դա կորոշեն քաղաքական ուժերն ու առաջին հերթին`ընտրողները։

«Մենք ցանկություն չունենք իշխանության գալու». Շարմազանովը ներողություն խնդրեց ժողովրդից

«Մենք ինքնանպատակ պաշտոն զբաղեցնելու կամ իշխանություն վերցնելու խնդիր չունենք, որովհետև, ցավով եմ ասում`մեծ քաջություն պետք է ունենաս, որ այս քանդված երկրի, «հիվանդ», պառակտված հասարակության համար պատասխանատվությունը վերցնես»,– ասաց Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության նախագահը հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ինքը ներկայացրել է իրենց ծրագիրը` Փաշինյանի հրաժարական, ազգային համաձայնության կառավարության ստեղծում, իսկ որոշ ժամանակ անց`արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որը նախագահն ընդունել է։

Հարցին, թե ով է լինելու ազգային համաձայնության կառավարության ղեկավարը, Վանեցյանը պատասխանեց. «Այդ մարդը լինելու է հնարավորինս բոլորի կողմից ընդունված»։

Նա վստահեցրեց, որ հեռու չէ այն օրը, երբ ընդդիմադիր կուսակցությունները համատեղ քննարկումից հետո կհայտարարեն իրենց որոշման մասին։

Փաշինյանը ժամանա՞կ է շահում. ինչ խնդիր է լուծում նրա ներկայացրած «ճանապարհային քարտեզը»

«Կարող եմ ասել, որ միասնական վարչապետի թեկնածու կարող է առաջադրվել մի քանի անձ»,– ասաց Վանեցյանը։

Նա հստակեցրեց, որ այդ միասնական համաձայնության կառավարությունը լինելու է բացառապես ժամանակավոր` մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանի ընդդիմադիր ուժերը պարբերեբար հանրահավաքներ են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր էլ նրանց զուգահեռ, ի պաշտպանությունը Փաշինյանի, հանրահավաք էին կազմակերպել նաև վարչաապետի կողմնակիցները։