Արցախը հույս ունի, որ Նիդեռլանդների խորհրդարանի քայլը նախադեպ կդառնա այլ երկրների համար

Նիդեռլանդներն առաջարկում է Ադրբեջանի նախագահ Ալիևի, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների համար պատասխանատու այլ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Արցախի ԱԳՆ–ն ողջունել է նոյեմբերի 17-ին Նիդեռլանդների խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը։

«Բարձր ենք գնահատում Նիդեռլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը, որը վկայում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և արդարության գաղափարներին հավատարմության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության և դրանց կանխարգելման ու դատապարտման շուրջ նրանց վճռական դիրքորոշման մասին»,– ասված է Արցախի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Որտեղ են տեղավորում տունը կորցրած արցախցիներին. Ստեփանակերտի քաղաքապետը մանրամասնում է

Արտաքին գերատեսչությունը նաև հույս է հայտնում, որ Նիդեռլանդների խորհրդարանի այս քայլը նախադեպ կհանդիսանա նաև այլ երկրներում նմանատիպ որոշումների ընդունման համար։

Նիդեռլանդների խորհրդարանի ընդունած բանաձևով, հիշեցնենք, խորհրդարանը դիմել է այդ  երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինելու Ադրբեջանի նախագահ Ալիևի, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար պատասխանատու այլ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։

Միաժամանակ խորհրդարանը նաև կոչ է արել դադարեցնել ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի մատակարարումը՝ Արցախի դեմ ագրեսիայում նրա մեղսակցության պատճառով։

Տեղահանված գյուղացիներին առայժմ տեղավորում են Մարտակերտի մանկապարտեզում և դպրոցում

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայի ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, որտեղ կոչ է արել միջազգային հանրությանը որպես Ադրբեջանին զսպելու և պատասխանատվության ենթարկելու միջոց այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ անհատական բնույթի պատժամիջոցներ կիրառել։ Բայց պատերազմի 44 օրերի ընթացքում Արցախի ձայնը մնաց անպատասխան։