«Չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել». Բաբայանին ու Մանուկյանին ՀՔԾ–ն մեղադրանք է առաջադրել

Ընդդիմադիր երկու գործիչներն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՔԾ–ում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արսեն Բաբայանին ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։

Այս մասին վերջինները հայտարարեցին այսօր քննչական մարմին հրավիրվելուց հետո` լրագրողների հետ զրույցում։

«Մեղադրանքը չեմ ընդունել, ցուցմունք չեմ տվել։ Ցուցմունք տալուց հրաժարվել եմ` իմ իրավունքից օգտվելով»,– ասաց Արսեն Բաբայանը։

Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը նույնպես հայտնեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել ու հրաժարվել է ցուցմունք տալուց։

«Հանուն մեր նյարդերի` գնա». Գեղամ Մանուկյանը վստահ է, որ ՀՀ վարչապետը չգիտի Շուշիի գինը

Ընդդիմադիր երկու գործիչներն էլ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը։

Արսեն Բաբայանն ու Գեղամ Մանուկյանն ազատ են արձակվել։ Նրանք ձերբակալված չեն։ Նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու որոշում այս պահի դրությամբ չկա։

Հիշեցնենք, որ 2020թ–ի սեպտեմբերի 28-ից Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն, որի ընթացքում հանրային միջոցառումներն անցկացնելն արգելված է։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։