Անհայտ կորածների թիվը կրճատվում է. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարը հայտնեց, որ շատ դեպքերում պարզվում է, որ նրանք ողջ-առողջ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Անհետ կորած զինծառայողների ցուցակն ունի նվազման միտում։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը։

«Մենք չէինք կարող մեր հերոս տղերքի գենը կորցնել»․ Տոնոյանը հանդիպել է զինծառայողների հետ

«Ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհայտ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են ուղղակի հաշվառման առումով սխալ է եղել ամեն ինչ»,– ասաց նախարարը։

Իսկ այն զինծառայողները, ում անհայտ կորած լինելու հանգամանքը հաստատվել է ու հարուցվել են համապատասխան քրեական գործեր, Տոնոյանի խոսքով, դատարանի որոշմամբ համապատասխան կարգավիճակ ստանալուց հետո նրանց ընտանիքներն իրավունք կունենան նաև օրենքով սահմանված պետական աջակցություն ստանալու։

«Ամեն ինչ արվում է, որ այն ընտանիքները, որոնք կորուստներ ունեն, շատ արագ ստանան պետական ու Զինծառայողների հիմնադրամի կողմից աջակցություն»,– ասաց Տոնոյանը` հավելելով, որ կառավարությունն առաջիկայում օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնելու, որոնց արդյունքում անհետ կորածների ընտանիքները ևս կկարողանան աջակցություն ստանալ հիմնադրամից, ինչն այսօր նախատեսված չէ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

«Հիմա ինչ` Ալիևի՞ն դիմենք». անհետ կորածների ծնողներն ուզում են հանդիպել Տոնոյանի հետ

Նոյեմբերի 18-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1586 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով`  Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը