Ադրբեջանցի զինվորականները նվաստացնում են հայ ծերունուն. տեսանյութ

Հերթական տեսանյութում ներկայացվող հանցագործությունների հարցերով Արցախի ու Հայաստանի ՄԻՊ–երը կդիմեն միջազգային կառույցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 Նոյեմբեր — Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ադրբեջանական զինվորականները նվաստացնում են տարեց հայ մարդու, բացառիկ ցինիզմով  նրան ենթարկում անմարդկային վերաբերմունքի:

Գորիս-Շուշի ճանապարհից անհայտ կորած քաղաքացիների թվում ՀՀ քաղաքացիներ կան. Արցախի ՄԻՊ

«Դա անում են միայն այն բանի համար, որ մարդն էթնիկ հայ է. ատելությունն Ադրբեջանում այնքան համակարգված է ու պետական մակարդակով այնքան բարձր է խրախուսվում, որ այս զինվորականներին չի հետաքրքրում, որ մարդն անօգնական է, տարեց է և ունի մարդկային արժանապատվություն,– գրում է Թաթոյանը, –հակառակը՝ նրանք մարդկանց արժանացնում են այսպիսի վերաբերմունքի, տեսագրում կամ լուսանկարում ու հետո դա լայնորեն տարածում սոցիալական ցանցերով՝ սեփական հասարակությունում գովեստի ու թվացյալ «հերոսության» արժանանալու համար»:

Թաթոյանն ընդգծում է, որ այդ արարքը ոչ թե մի խումբ զինծառայողների առանձին հանցագործություն է, այլ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական լայնածավալ ու պետական բարձր մակարադակով խրախուսվող հանցավոր արարքների՝ խոշտանգումների ու վայրագությունների, դաժանությունների համակարգի անբաժան բաղադրիչ:

Նրա խոսքով` սա հերթական ապացույցն է, որ հաստատում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների ու ցեղասպանության համակարգված ադրբեջանական քաղաքականությունն Արցախում:

«Այսպիսի արարքները ոչ միայն կատեգորիկ արգելված են մարդկությանը հայտնի բոլոր միջազգային պահանջներով, այլ դրանք նույնիսկ մարդկային երևակայության մեջ չեն տեղավորվում»,– նշում է օմբուդսմենը։

Թաթոյանը նաև հայտնում է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ ներկայում ամփոփում են այս ապացույցի ամրագրման համար անհրաժեշտ ձևակերպումները` այն միջազգային մարմիններին ներկայացնելու համար: