ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Պաշտոնից ազատվելու դիմում է գրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը։
«Դիմումը գրել եմ ավելի վաղ, բայց պայմանավորված պարոն Արարատ Միրզոյանի առողջական վիճակի հետ, այն հանրայնացնում եմ հիմա, երբ արդեն որևէ վտանգ չի սպառնում նրա առողջությանը», – Facebook-ի իր էջում գրել է Ղուլյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Միրզոյանին վստահության համար՝ նշելով, որ աննպատակահարմար է գտնում իմ հետագա գործունեությունն այդ պաշտոնում, որովհետև այդ կարգավիճակում աշխատանքը կարող էր և պետք է լիներ ավելի արդյունավետ, առավել ևս վերջին շրջանում՝ պատերազմի օրերին:
«Շնորհակալություն բոլոր գործընկերներիս: Շարունակելու եմ իմ ծառայությունը մեր հայրենիքի այս հատվածում», – գրել է նախկին խորհրդականը։
Աշոտ Ղուլյանը ԱԺ նախագահի խորհրդական էր նշանակվել հունիսի 11-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, ապա ԱՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ Երկար տարիներ ղեկավարել է Արցախի խորհրդարանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։