ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Շավարշ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,– նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:
Նշենք, որ Շավարշ Քոչարյանի` պաշտոնից հրաժարվելու մասին տեղեկություններ էին տարածվել դեռ երեք օր առաջ` նոյեմբերի 14-ին, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակը Sputnik Արմենիային հայտնել էր, որ նա շարունակում է կատարել իր պարտականությունները։
Շավարշ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2008 թ. օգոստոսի 2-ից։
Մինչ այդ նա չորս գումարման պատգամավոր է եղել։
Հիշեցնենք` երեկ պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այսօր նա հրաժեշտ է տվել ԱԳՆ անձնակազմին։