Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ Հայաստանն իրեն մենակ ու լքված չզգա. Պուտին

Ռուսաստանի նախագահն ասել է, որ Հայաստանի դեմ ոչ մեկը չի հարձակվել, իսկ Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանն հնարավոր բոլոր քայլերն արել է Հայաստանին մենակ չթողնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն իրեն մենակ չի զգացել։

Պուտինը բացատրել է` ինչու Ֆրանսիան ու ԱՄՆ–ն չեն մասնակցել եռակողմ հայտարարության կազմմանը

«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որ Հայաստանն իրեն մենակ ու լքված չզգա։ Հայաստանի քաղաքական վերնախավը շնորհակալություն է հայտնել մեր ջանքերի համար», – նշել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահն ավելացրել է, որ Հայաստանի դեմ ոչ մեկը չի հարձակվել, իսկ Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէր։

«Բայց մարտի դաշտում իրավիճակը ձևավորվեց այնպես, ինչպես ձևավորվեց», – ասել է Պուտինը։

Նրա խոսքով` Ռուսաստանը միշտ կողմնակից է եղել հակամարտող կողմերի միջև հավասարակշռություն ստեղծելուն։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: