Պատերազմական օրերին մասնագիտական պարտքը կատարելիս 15 բժիշկ է զոհվել

Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ զոհվածների գերակշիռ մասը ռազմական բժիշկներն են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արցախում ընթացող պատերազմի օրերին զոհվել են նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց` ընդհանուր առմամբ 15 բժիշկ է զոհվել։

«Պատերազմի օրերին զոհվել են 14 ռազմական բժիշկ և 1 քաղաքացիական բժիշկ, որը կամավոր էր մեկնել վիրավորներին օգնություն ցուցաբերելու»,–ասաց Ստեփանյանը։

Նշենք, որ ոստիկանությունն էլ հայտնել էր` Արցախում ՀՀ ոստիկանության զորքերը 28 զոհ են ունեցել, 150 վիրավոր, 43 անհետ կորած։ Բացի այդ, սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում զոհվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել` 191–ը, 2-ի գտնվելու վայրը դեռևս ճշտվում է։

Նախարարի հրամանը կատարեցին` վերադարձան նույն կազմով. ԱԻՆ աշխատակիցները հետ եկան առաջնագծից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Նոյեմբերի 17-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1505 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։