Մեծ ծավալի աշխատանք է սպասվում. Արցախի նախագահը հանդիպել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչներին

Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի ԱԻՆ–ը Արցախի իշխանությունների հետ արդյունավետ ու փոխգործակցված գործունեություն կծավալի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտ ժամանած ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչներին` նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին:

«Իրականացվելիք գործունեության առնչությամբ Արցախի իշխանությունների անունից բարձր աջակցություն հայտնելով՝ նշել եմ, որ պատերազմական գործողությունների դադարից հետո խաղաղ բնակչության բնականոն և անվտանգ կյանքի ապահովման համար մեծ ծավալի աշխատանք է սպասվում», – գրել է նախագահը Facebook-ի իր էջում։

Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի ԱԻՆ–ը Արցախի իշխանությունների հետ արդյունավետ ու փոխգործակցված գործունեություն կծավալի:

Նշենք, որ ՌԴ ԱԻՆ-ի հատուկ խումբը Երևան էր ժամանել նոյեմբերի 15-ին և ուղևորվել Ստեփանակերտ։ Խմբի անձնակազմը բաղկացած է 30 հոգուց, որոնց մեջ կան ականազերծման մասնագետներ, բժիշկներ։ Ամենակարճ ժամանակում անձնակազմը կգնահատի իրավիճակը և տեղեկությունը կփոխանցի ՌԴ ԱԻ նախարարությանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: