Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման պայմաններ են ստեղծվել․ Պուտին

Պուտինի խոսքով՝ ռուսական կողմն ակտիվ ջանքեր է գործադրել, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները Ռուսաստանի բարեկամ երկու երկրների միջև և դրդի նրանց փոխզիջումային լուծումներ գտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները պահպանվում են, իսկ իրավիճակն այնտեղ կայունանում է։ BRICS-ի գործընկերներին այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը`խոսելով Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսական կողմն ակտիվ ջանքեր է ձեռնարկել, որպեսզի օգնի դադարեցնել մեր երկու բարեկամ պետությունների միջև ռազմական գործողությունները և դրդի նրանց փոխզիջումային լուծումներ գտնել։ Նոյեմբերի 9-ին մեր միջնորդության արդյունքում լիակատար հրադադարի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ այդ ամենն արձանագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը փոփոխելու փորձեր չկան. Լավրով

«Կարևոր է, որ նշված պայմանավորվածությունները պահպանվում են։ Լիովին դադարեցվել են մարտական գործողությունները, իրավիճակը կայունանում է։ Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա, որը բխում է ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայ ժողովրդի շահերից»,-ընդգծել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: