Հայաստանը ՄԻԵԴ է դիմել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով

Հայաստանը պահանջում է հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ քաղաքացիներին պաշտպանելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների հարցով։ Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Facebook-ի իր պաշտոնական էջում։ Հայաստանը պահանջում է հրատապ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն առնվազն 6 մարդ է պատանդ վերցրել. Ալավերդյան

«ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարհահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից»,- նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանակերտից Մարտունի տանող ճանապարհին ադրբեջանցիները պատանդ են վերցրել չորս հայի. միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո:

Նշենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է Եղիշե Կիրակոսյանը։ Վերջին Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանը մի քանի դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի ու նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անհետ կորածների որոնողական աշխատանքների մանրամասները

Բացի այդ, հայկական կողմը գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության տասնյակից ավելի գործեր էլ է ներկայացրել Եվրոպական դատարան։