Ֆինանսների նախարարը մեկնաբանեց իր հրաժարականի մասին լուրերը

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ-ում է: Նա ներկայացնում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ շարունակում է իրականացնել իր պարտականությունները:

«Ես հավատարիմ եմ մնալու իմ երդմանը և բարեխղճորեն  կատարելու եմ իմ պարտականությունները, որոնք ստանձնել եմ»,- ասաց նախարարը: Այս հայտարարությունից հետո Ջանջուղազյանը սկսեց ներկայացնել 2021 թ-ի բյուջեի նախագիծը:

Նախարարը վերահաստատեց՝ բյուջեի նախագիծը մշակվել է պատերազմից առաջ՝ սեպտեմբերին: Բայց վստահեցրեց, որ այն այսօր ընդունելն այնքան կարևոր է, որքան մարդու նորմալ կենսագործունեության համար սիրտ-անոթային համակարգը:

Ընդդիմությունը բոյկոտեց նիստը. Հայաստանին սպառնում է 16 մլն եվրո տուգանք

«Մենք ունենք ստանձնած պարտավորություններ՝ միջազգային համաձայնագրերով, մենք ունենք ստանձնած պարտավորություններ, որոնք սահմանված են օրենքով, մենք ունենք ստանձնած պարտավորություններ, որոնք սահմանված են կառավարության լիազորությունների շրջանակներում: Քանի դեռ այս պարտավորությունների շրջանակը չի վերանայվել, իրողությունների փոփոխություններով պայմանավորված՝ բյուջեի փոփոխության մասին խոսակցություններն առնվազն խնդրահարույց են»,- ասա Ջանջուղազյանը:

Հիշեցնենք, ԱԺ հերթական նիստի օրակարգում այսօր 2 հարց կա՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն ու «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգման ու հետվճարման փոփոխված ժամանակացույցի համաձայնագիրը վավերացնելու հարցը:

ՀԿԾՀ անդամը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

Ընդդիմությունը բոյկոտեց նիստն ու հայտարարեց, որ նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ այսօր 18:30-ին՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի չեղարկման հարցով:

Բանն այն է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն, արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։