Քոչարյանը պետք է ներողություն խնդրի զինվորականներից. ՊՆ

ՊՆ-ն ուշադրություն է հրավիրում պաշտոնյայի այն հայտարարության վրա, թե «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ամբիոնից հերթական անգամ իր դատողությունները ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն կտրված էին իրականությունից, այլև ակնհայտորեն միտված էին այդ իրականությունը խեղաթյուրելուն և ստեղծված իրադրության համար քավության նոխազներ փնտրելուն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Արցախից բերված ապօրինի զենքը կրակելու է. Քոչարյանը մտահոգված է

ՊՆ-ն ուշադրություն է հրավիրում պաշտպանության ոլորտի խնդիրները համակարգող խորհրդարանական պաշտոնյայի այն հայտարարության վրա, թե «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են» ու շեշտում, որ դա խորը անարգանքի դրսևորում է հայկական բանակի մի քանի տասնյակ հազար զինծառայողների հանդեպ, որոնք, «ի հեճուկս պարոն Քոչարյանի, որպես կանոնավոր ու մարտունակ բանակ, հենց հիմա էլ մարտական հերթապահություն են իրականացնում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի սահմաններին»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե Ա. Քոչարյանն իրոք մտածում է, որ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», ապա պաշտպանության նախարարությունը սիրով կուղեկցի նրան հայկական բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ, պայմանով՝ որ նա ներողություն կխնդրի այդ ստորաբաժանումների զինծառայողներից՝ զինվորից մինչև սպա ու հրամանատար։

Չի տիրապետում ՊՆ-ին վերաբերող տարրական գիտելիքների. ՊՆ–ն պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին

Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանը վերջին օրերին բազմաթիվ քննադատական դիտողություններ է հնչեցրել ՀՀ պաշտպանության նախարարության վերաբերյալ։