ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Արցախում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար առաջին փուլում կգործեն սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մեկ տարի ժամկետով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ: Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները:
Նախագահը նշել է, որ հաջորդ կարևոր ծրագրով այն կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60 հազար ՀՀ դրամի շեմից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն:
Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:
Արցախցիները հայրենի տուն են վերադառնում. լուսանկարներ
«Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով»,- նշել է նախագահը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Հավելենք, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով Արցախում 17 հազարից ավելի քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ կամ ավերված են, կամ լրջորեն վնասված։