Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 4000 գլուխ կենդանի. ՍԱՏՄ-ն վերահսկում է գործընթացը

Հայաստանում կենդանիները պատվաստվում են և հետազոտվում բրուցելոզ հիվանդության նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Այս պահին Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի կենդանի։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Ընդգծվում է, որ տեղաշարժը հստակ արձանագրված է, իսկ գործընթացն էլ շարունակվում է:

Պատերազմական իրավիճակում պետք է վերահսկել կենդանիների շարժը. ՍԱՏՄ

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, պետական պատվերի շրջանակներում, իրականացվում են տեղափոխված կենդանիների պատվաստման աշխատանքներ: Կենդանիներն անցնում են նաև հետազոտություն բրուցելոզ հիվանդության նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՍԱՏՄ-ն վստահեցնում է, որ մասնագետների կողմից պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր վերահսկողական աշխատանքներ են իրականացվում հանրապետության իրացման ցանցում՝ բացառելու համար չստուգված մսեղիքի վաճառքը:

Հիշեցնենք՝ անասնաբուժությանն առնչվող մասնագետների, ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ ՍԱՏՄ նախաձեռնությամբ անցկացված դեռ հոկտեմբերի կեսերին իրականացված հանդիպման արդյունքում ստեղծվել է ուղեցույց։

Պատերազմական իրավիճակում պետք է վերահսկել կենդանիների շարժը. ՍԱՏՄ

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ պատերազմական պայմաններում ծավալել և մինչ օրս էլ իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանի կենդանիների, ինչպես նաև մսեղիքի տեղաշարժը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու համար:

Հավելենք, որ Արցախյան պատերազմի հետևանքով ներքին կամ արտաքին տեղահանման է ենթարկվել, նախնական տվյալներով, Արցախի գրեթե 100 հազար բնակիչ։