ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Աշոտ Թաշչյանը աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Զառա Թաշչյանը։
Նրա խոսքով ՝ հոր որոշումը կապված է երկրում ստեղծված իրավիճակի հետ։
«Հայրս, հավատարիմ մնալով պետության և հայրենիքի նկատմամբ սեփական համոզմունքներին, կայացրել է իր համար բարդ և կամայական որոշում և 11.11.20թ.-ին ներկայացրել է աշխատանքից ազատման զեկուցագիր»,–գրել է նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում սկսվեցին բողոքի ակցիաներ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը համարում են, որ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, քանի որ տանուլ է տվել պատերազմը։ ԱԱԾ–ն ռազմական դրության ժամանակ հանրահավաք կազմակերպելու համար ձերբակալեց ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, երկրի տարբեր կառույցներում սկսվեց պաշտոնանկությունների ու հրաժարականների շղթա։
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։