Զինվորականների դեմ հարուցված քրգործերի շրջանակներում կան կալանավորվածներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վիտալի Ոսկանյանը վստահեցնում է, որ բոլոր մեղավորները կպատժվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանն այսօր հայտնեց, որ բոլոր նրանք, որոնց գործողությունների պաճառով զինծառայողներ են զոհվել, պատժվելու են։

«Որևէ մեկը, ով ներգրավված է եղել այնպիսի գործողություններում, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվան, պատժվելու են օրենքի խստությամբ։ Արդեն ունենք կալանավորվածեր: Խոսքը սպայական կազմի մասին է: Զորամասի մասով, հիմնականում Ջաբրայիլի հատվածում, հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում մեծ ապացույցներ ենք ձեռք բերում»,– նշեց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։  Նոյեմբերի 15-ի ժամը 12.30-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1434 զոհված զինծառայողի անուններ։

Շուշիից ավելի քան 300 զոհված զինծառայողների մարմիններ են դուրս բերվել. Փաշինյան

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Նոյեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2317 զոհված զինծառայողի դիակներ։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով`  Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը