Ընդդիմությունը հրապարակեց հետագա քայլերի ճանապարհային քարտեզը

Ճանապարհային քարտեզի կետերից մեկը՝ հնարավորինս փոփոխության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հասցնել մեր կորուստները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Առաջին քայլը, որ պետք է արվի հայրենիքի փրկության համար, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և ներկայացրեց իրենց գործողությունների ճանապարհային քարտեզը:

Ընդդիմությունը հրապարակեց հետագա քայլերի ճանապարհային քարտեզը

Սաղաթելյանը նշեց, որ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար կա երկու ճանապարհ, առաջինը` Փաշինյանն ինքնակամ հասկանա, մեղքերն ընդունի և հրաժարական տա, որից սակայն վարչապետը հրաժարվել է։ Երկրորդ իրավական ճանապարհն այն է, որ ԱԺ–ն անհապաղ պետք է հրավիրի արտահերթ նիստ երկու օրակարգով` ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկություն։

«Մեզ հաճախ հարցնում են թե ինչ է լինելու Փաշինյանի հեռացումից հետո։ Վարչապետի հեռացումից հետո ԱԺ–ն պետք է ընտրի նոր վարչապետ, ժողովրդի կողմից վստահելի մարդկանցով ձևավորի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է երեք խնդիր.

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի գլխավոր դատախազություն ու ԱԳՆ

-հնարավորինս փոփոխության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հասցնել մեր կորուստները, 
-արտահերթ քայլեր ձեռնարկել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգության, սոցիալ–տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ,

–սեղմ ժամկետներում կազմակերպել ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում ժողովուրդը կորոշի իր իշխանությանը և կձևավորի նոր կառավարություն։

Մինչև հետագա քայլերը ներկայացնելը Սաղաթելյանը հայտարարել էր, որ երկուսուկես տարի առաջ ինչ-որ մարդկանց խմբակ, չարաշահելով ժողովրդի վստահությունը, եկավ իշխանության. իշխանության եկան մարդիկ, որոնք իրենց անցյալով, կենսագրությամբ որևէ կապ չունեին Արցախի ազատագրական պայքարի հետ: 

Ընդդիմությունը հրապարակեց հետագա քայլերի ճանապարհային քարտեզը

«Անցնող 2.5 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունը զավթած խմբակն ամեն ինչ արեց մեր ազգային դիմադրողականությունը թուլացնելու համար՝ պառակտելով հայ ժողովրդին, բաժանելով «սևերի» և «սպիտակների», պայքարելով մեր եկեղեցու, պատմության, ազգային արժեքների դեմ: Այս իշխանությունը քայքայիչ գործունեություն իրականացրեց նաև բանակում, ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հետևողականորեն վարկաբեկեց Հայաստանի բանակը»,- ասաց նա:

Չի տիրապետում ՊՆ-ին վերաբերող տարրական գիտելիքների. ՊՆ–ն պատասխանում է Անդրանիկ Քոչարյանին

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ երկրի վարչապետն արցախյան հարցի հետ կապված չի ունեցել որևէ հայեցակարգ: «Նախ ասաց՝ Արցախը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ, այնուհետև ասաց՝ ժողովուրդը պետք է որոշի, հետո՝ պետք է հարցի լուծումն ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, հետո՝ Արցախը Հայաստան է և վերջ: Այս մարդը անհասկանալի է եղել և չի ունեցել որևէ հայեցակարգ հարցի լուծման համար»,- ասաց նա նշելով, որ Փաշինյանը նաև փչացրել է հարաբերությունները ՀՀ ռազմավարական դաշնակիցների հետ:

«Այս ամենի մեղավորը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը: Նա ստացել է 12,000 ք/կմ Արցախ, և այսօր հաջորդ իշխանություններին ժառանգելու է 2500 ք/կմ»,- ասաց Սաղաթելյանը:

Հավելենք, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմությունը բողոքի ակցիաներ է սկսել։ Գլխավոր պահանջը մեկն է՝ վարչապետի հրաժարական։