ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպումը։
Նիստին մասնակցում է 67 պատգամավոր։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները դահլիճում ներկա չեն։
Վարչապետ Փաշինյանին հարցեր ուղղելու համար գրանցվել է իշխող «Իմ քայլը» խմբակցության 31 պատգամավոր։
Նշենք, որ մինչ նիստի մեկնարկը դահլիճի էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով պատգամավորները չէին կարողանում գրանցվել։
Ինչպես հայտարարեց Ալեն Սիմոնյանը` պատճառը հոկտեմբերի 10-11–ին խորհրդարանում տեղի ունեցած ավերածություններն էին։
«Հասկանալի պատճառով համակարգը չի աշխատում։ Էկրանները ևս չեն միանում»,– ասաց նա։
Այդուհանդերձ, ԱԺ տեխնիկական բաժնի աշխատակիցներին հաջողվեց վերացնել տեխնիկական խնդիրները և նիստը մեկնարկեց։
«Մեկը՝ 89 դավաճաններից». Ազատության հրապարակում ԱԺ պատգամավորների նկարներ են պարզել
Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հայտարարություն էր տարածել, մասնավորապես նշելով, որ վարչապետի հետ հանդիպումը կարող է կայանալ բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի:
Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։
Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: