ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Շուշիից արդեն 300–ի ավելի զոհված զինծառայողների մարմիններ են դուրս բերվել։ Այս մասին այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք պատկերացնո՞ւմ եք այդ ճակատամարտի մասշտաբը։ Իսկ մարդիկ կան, որ ասում են` գեներալները հրաման են տվել չպայքարել Շուշիի համար։ Բա այս մարդիկ ո՞ւմ հրամանով են գնացել, կռիվ արել և զոհվել»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ այդօրինակ լուրերի հեղինակներին այսօր հրավիրում են քննչական մարմիններ` բացահայտելու հնարավոր դավաճանությունը, որպեսզի մեղավորները պատիժ կրեն։
Բայց նրանք հրաժարվում են իրենց խոսքերից` ասելով, որ այդ մասին ուրիշներից, անծանոթ մարդկանցից են լսել։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Շուշիից 150 զինվորի մարմին են հանել. ի՞նչն է անհանգստացնում Արայիկ Հարությունյանին