ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
«Երբեք որևէ հայ չպետք է կոչ անի այլ հայի «հախից» գալու։ Եթե նույնիսկ մի օր հիմնավորեք որևէ աստվածային ուժի ներքո, որ նոյեմբերի 9-10-ի ստորագրությանը այլընտրանք չկար ու դա միակ ելքն էր, ապա հայը հայի դեմ գնալու կոչը աներկբա ապացույց է, որ ազգային դավաճանությունը դարձվել է գործելաոճ։ Հեռացեք, ու այդ քայլը թող լինի առաջինը դեպի ազգային միասնականություն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Պողոսյանը։
Նա նաև մի քանի դիտարկումն է արել ստեղծված իրավիճակի շուրջ` ասելով, որ Արցախը ոչ մեկի գրպանում դրված չէ, որ վերցնեն ու նրանից ինչ-որ մի բան զիջեն, տան, փոխանակեն: Պողոսյանի խոսքով` եթե որևէ բան լինի, կլինի միայն պատերազմով, իսկ այդտեղ մեղադրել կարող ենք միայն մեզ, որ չկարողացանք լավ կռվել ու նորից հաղթել:
Պողոսյանը նկատել է`տարբեր երկրների նախագահներ, վարչապետներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ, միջնորդներ կգան ու կգնան։ Զանազան առաջարկներ կանեն ու միշտ իրենց երկրների շահերից ելնելով: Պողոսյանը նշում է` մեր նպատակն է, որ մենք մնանք ու չգնանք. իրենք իրենցն են ցանկանում, մենք մերը պետք է առաջ տանենք:
Բացի այդ, ըստ Պողոսյանի, հողեր պահելով՝ միշտ կբանակցենք անվախ, հանձնելուց հետո բանակցելու ենք վախից դրդված: Նա հավելել է, որ պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չէ այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթելուն:
Հիշեցնենք` Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութերը և ապշել տղաների խորագիտությունից։ Նա դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը սա որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Փաշինյանը գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։
Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: