«Դա Թուրքիայի ներքին գործն է»․ Պեսկովը՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արդյունք է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու` Անկարայի մտադրությունը Թուրքիայի ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարումն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Բանն այն է, որ այնտեղ` Ադրբեջանի տարածքում, մոնիթորինգային կենտրոն է լինելու, պետք է այնտեղ ուղարկել թուրք զինվորականներին։ Դա ներքին գործընթացների կատարում է, գործընթացներ, որոնք նախատեսված են Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ։ Դա Թուրքիայի ներքին գործն է»,-բացատրել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը «Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արդյունք է»:

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջան զինվորականներ ուղարկելու հրամանագիրը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ թուրքական օրենսդիր մարմին է ուղարկվել թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին օրինագիծը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1434 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Հրապարակվել են թուրք գեներալների անունները, որոնք ղեկավարել են Ադրբեջանի ԶՈւ–ն