Փաշինյանն ու ՌԴ վարչապետը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները հրատապ հարցեր են քննարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարից հետո երկու երկրների միջև համագործակցության օրակարգը և հրատապ հարցերը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: