ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում կրկին անդրադարձել է Շուշիի թեմային։
«Ինձ համար ակնհայտ է, որ 1994 թվականից ի վեր, մենք ցավոք, Շուշիի համար չենք հասցրել անել այն ամենը, ինչ կարող էինք անել:
Եղել են նվիրյալ գործարարներ, ովքեր շատ էական և կարևոր ներդրումներ են արել: Եղել են նաև պետական ներդրումներ, բայց մեծ հաշվով Շուշին չկարողացանք դարձնել այնպիսին, ինչին ինքը արժանի էր: Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով»,-նշված է գրառման մեջ:
Ըստ Փաշինյանի, ինքը հենց դա նկատի ուներ՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայի մասին խոսելիս։
Տեղեկացնենք, որ ավելի վաղ ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր.
«Ասում են՝ Շուշին ծախել են. ո՞վ է ծախել: Շուշին եթե ծախել են, ապա ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին: Բա եթե պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում: Ասում են՝ ինչու Արցախի նախագահն իր երդմնակալությունը Շուշիում արել: Պատկերացրեք` ամբողջ էլիտան 30 տարի համարել է, որ Շուշին ԼՂ քաղաք է, և Արցախի նախագահն այնտեղ իրավունք չունի միջոցառում անելու: Այդտեղ է հանձնվել Շուշին: Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման գալու, էդ ուղտը ձեր ինչի՞ն է պետք, ժողովուրդ: Այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ 30 տարիներին են հանձնվել, երբ որ այնտեղ մոլախոտ է աճել»,-ասել է նա։
Հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են` այս թղթում Շուշիի մասին բան չկա. Նիկոլ Փաշինյան
Հավելենք, որ ԱԺ-ում Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ ելույթից րոպեներ անց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրեց, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց։