Պարգև սրբազանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի թեմի առաջնորդը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Բուժկենտրոնը Պարգև Սրբազանի լուսանկարները հրապարակել է Facebook–ում։

«Մեզ համար պատիվ էր այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ում հյուրընկալել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին»,– գրված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգև սրբազանը մի քանի օր առաջ սրտի կաթված է ստացել և այժմ Երևանում է: Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա չի հոսպիտալացվել, բայց հիմա լուծվում է նրան ԱՄՆ տեղափոխելու հարցը։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին սրբազանը մեկ օր անգամ չի հանգստացել։ Նա ոչ միայն ժողովրդին էր դիմում ու ոգևորում, այլև միջազգային հանրությանը հորդորում էր քայլեր ձեռնարկել արցախյան պատերազմը կանգնեցնելու ու կյանքեր փրկելու համար։