ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ ՀՀ վարչապետի աշխատակազի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ սա տարընթերցում է։
«Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։ Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Աղաջանյանը շեշտել է, որ Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։
«Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։ Ողջախոհություն բոլորիս»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք` Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութերը և ապշել տղաների խորագիտությունից։ Նա դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը սա որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Փաշինյանը գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։
Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: