«Իմ քայլի» պատգամավորներից մեկը սպառնալիքներ է ստացել. ՄԻՊ–ը դիմել է ոստիկանությանը

Արման Թաթոյանը վստահեցնում է, որ պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն իր անմիջական ուշադրության կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որը ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել։ Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ի՞նչ է նկատի ունեցել Փաշինյանը. բացատրում է նրա աշխատակազմի ղեկավարը

«Պաշտպանը խստորեն դատապարտում է այս վտանգավոր երևույթը: Ոստիկանությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ազգային ժողովի պատգամավորի անձնական պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Պաշտպանը պատգամավորի տվյալները անմիջապես կտրամադրի Ոստիկանությանը»,– գրել է նա Facebook–ի իր էջում։

Նա նշել է, որ պատգամավորների անձնական անվտանգության հարցերը կլինեն Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում ու վերահսկողության ներքո՝ իրավական կարգավիճակի առավելագույն հնարավորություններով:

Հիշեցնենք` Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ դիտել է առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութերը և ապշել տղաների խորագիտությունից։ Նա դիմել էր զինվորներին` նշելով, որ սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը սա որակել էր որպես քաղաքացիական բախումների կոչ: Փաշինյանը գրառումից հետո «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց, որ որոշել է հրաժարվել մանդատից, իսկ  «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ գրեց, որ եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնելու մանդատը։

Կուսակցությունից ու աշխատանքից հեռանալու որոշման մասին հայտնեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: